Գորբաչովը կարծում է, որ ԽՍՀՄ-ը կարելի էր փրկել՝ ստեղծելով Ինքնիշխան Պետությունների Միություն

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ խորհրդային իշխանություններն ի սկզբանե թերագնահատեցին Խորհրդային Միությունում ազգամիջյան հարաբերությունների խնդիրների մասշտաբները եւ դրա նորացման անհրաժեշտությունը։ Երկիրը նույնիսկ 1991 թվականի օգոստոսի հեղաշրջումից հետո կարելի էր պահպանել՝ Ինքնիշխան Պետությունների Միության ստեղծման օգնությամբ, ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սկզբում մենք թերագնահատեցինք ազգամիջյան հարաբերությունների, կենտրոնի եւ հանրապետությունների հարաբերությունների խնդիրների մասշտաբն ու խորությունը։ Մենք անմիջապես չեկանք այն եզրակացության, որ Միությունը թարմացման կարիք ունի»,- շաբաթ օրը ՏԱՍՍ-ին ասել է Գորբաչովը:

Նրա խոսքով՝ Խորհրդային Միության իշխանությունների նպատակն էր «ստեղծել իրական դաշնություն՝ հանրապետությունների իրական ինքնիշխանությամբ, որոնք կենտրոնին են փոխանցում լիազորությունների մի մասը»։ «Անվտանգությունը, պաշտպանությունը, տրանսպորտային ցանցը, միասնական արժույթը, միութենական պայմանագրի նախագծով մարդու իրավունքների ապահովումը եղել են միութենական կառույցների տիրույթում։ Վստահ եմ, որ դա կենսունակ տարբերակ էր, հանրապետությունների մեծ մասը կաջակցեր դրան, սակայն ԳԿՉՊ-ի հեղաշրջման փորձը խափանեց այս հնարավորությունը»,- ասել է Գորբաչովը։

«Բայց նույնիսկ պուտչից հետո, երբ հանրապետությունները հռչակեցին իրենց անկախությունը, իսկ ԽՍՀՄ նախագահի դիրքերը լրջորեն թուլացան, ես կարծում էի, որ Միությունը կարելի է պահպանել։ Եւ առաջարկեցի պայմանավորվել Ինքնիշխան Պետությունների Միության մասին»,- հստակեցրել է ԽՍՀՄ առաջին նախագահը:

Նա նշել է, որ Ինքնիշխան Պետությունների Միությունը կդառնար կոնֆեդերատիվ պետություն՝ հանրապետությունների էլ ավելի լայն լիազորություններով։ «Մասնավորապես, նրանք կդառնային ՄԱԿ-ի անդամ, իսկ Միությունը կպահպաներ իր տեղը Անվտանգության խորհրդում։ Կահպանվեր զինված ուժերի միասնությունը եւ միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը։ Վստահ եմ, որ դա շատ ավելի լավ կլիներ, քան այն, ինչ տեղի ունեցավ Միության փլուզումից հետո»,- եզրափակել է Գորբաչովը։

Լրահոս

Spread the love