Ադրբեջանի վստահությունը Ֆրանսիայի նկատմամբ՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նույնիսկ պոտենցիալ միջնորդի, այսօր զրոյական է։ Այս մասին ֆրանսիական Radiofrance ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ֆրանսիայի ներկայիս քաղաքական ղեկավարության կողմից Հայաստանին բուռն աջակցությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանում ոչ ոք պատրաստ չէ, թեկուզ տեսականորեն, Փարիզը դիտարկել որպես կողմ, որը կարող է գոնե որոշակի օգտակար ներդրում ունենալ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործում։ Ճիշտ հակառակը»,- ասաց նա։ Ամիրբեկովն ընդգծել է, որ «Հայկական շահերի անշահախնդիր պաշտպանությանը Փարիզի հավատարմության վերջին վկայությունը» Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննայի վերջերս հայտարարված որոշումն է՝ Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու, այդ թվում՝ իր դե ֆակտո դաշնակցին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումների սկիզբը։
«Ֆրանսիայի նման անխոհեմ քայլը ոչ միայն ժխտում է նրա՝ որպես «խաղաղարար» անզուսպ հավակնությունները, այլև տարածաշրջանը բերում է ռազմական առճակատման նոր վտանգավոր մակարդակի՝ Հայաստանին դրդելով նոր մահաբեր սադրանքների և նոր ագրեսիայի Ադրբեջանի դեմ»,- եզրափակել Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ նման հայտարարությունների ֆոնին հենց Ադրբեջանն է հետևողականորեն ավելացնում իր ռազմական բյուջեն և գնալով ավելի շատ նոր զինատեսակներ է գնում։