Իսրայելի պաշտպանության բանակը որոշել է մեկուսացնել Լիբանանի հետ հյուսիսային սահմանից մինչև չորս կիլոմետր խորությամբ գոտին, հայտնում է Haaretz-ը։
Զինվորականները բացատրել են, որ մուտքն այնտեղ խստիվ արգելված է, և բնակչությանը խնդրել են զգոն լինել և չմտնել բուֆերային գոտի։
Առնվազն մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական գյուղերից մեկում, հայտնել է Իսրայելի ազգային շտապ բժշկական ծառայությունը, հայտնում է BBC-ն։ Բժիշկները չեն նշել հարձակման ճշգրիտ վայրը, սակայն հայտնել են, որ տուժածներին տեղափոխել են Նահարիա քաղաքի բժշկական կենտրոն, որը գտնվում է Շտուլա գյուղական բնակավայրից մոտ 30 րոպե հեռավորության վրա։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Շտուլայի ուղղությամբ հակատանկային հրթիռ է արձակվել։ Առնվազն հինգ խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Հաղորդվում է, որ «Հեզբոլահը» ստանձնել է արձակման պատասխանատվությունը՝ ասելով, որ դա արել է հարավային Լիբանանում լրագրողի և երկու խաղաղ բնակչի սպանությանն ի պատասխան: Շտուլայի հրետակոծությունից հետո Իսրայելի բանակը հարվածներ է հասցնում Լիբանանի հարավում գտնվող թիրախներին, հայտնել են իսրայելական զինվորականները: