Նա գոհ է կալանքի պայմաններից. Արցախի նախկին նախագահի ադրբեջանցի փաստաբան

Արայիկ Հարությունյանի առողջական վիճակը լավ է։ Նա գոհ է պահման պայմաններից։ Բողոքներ չկան։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Արայիկ Հարությունյանի ադրբեջանցի փաստաբան Ալով Սաֆարալիևը։

Նրա խոսքով՝ «ստեղծվել են բոլոր պայմանները Հարությունյանին պաշտպանելու համար»։

«Նա գիրք խնդրեց և նրան տրամադրեցին։ Արայիկը կապ է հաստատել նաև ընտանիքի հետ. Ես ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցները նրան պաշտպանելու համար։ Նրա հետ ոչ մի միջազգային կազմակերպություն դեռ հանդիպում չի անցկացրել։ Նրա ընտանիքից կամ մտերիմներից ոչ ոք ծանրոց չի ուղարկել: Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա փաստաբաններին չի թույլատրվում փաստաբանական գործունեություն ծավալել Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ես Արայիկի միակ փաստաբանն եմ։ Լրացուցիչ տեղեկություններ այս պահին չեմ կարող տրամադրել, քանի որ հետաքննության ընթացքում մնացած հարցերը համարվում են գաղտնի։ Ցանկացած տեղեկություն, որը ես տրամադրում եմ, կարող է ուղղված լինել իմ հաճախորդի դեմ: Նախաքննությունն ավարտելուց և գործը դատարան ուղարկելուց հետո Արայիկ Հարությունյանի թույլտվությամբ հանդես կգամ հրապարակային հայտարարությամբ»,- ասել է նա։

Spread the love