ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ԱՄՓՈՓՈՄ Է 2022-2023 ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐԻՆ

Դիլիջան  համայնքի ղեկավար  ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել եվ ներկայացնում է համայնքում կատարած աշխատանքները, որտեղ մասնավորապես ասվում է «Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Արդեն երկրորդ տարին է, ինչ մեր թիմը շարունակում է իրականացնել Դիլիջան համայնքի կառավարումը՝ շնորհիվ 2021 թվականին ՏԻՄ ընտրություններում ձեր տված քվեի։ Մինչ օրս մենք շարունակում ենք իրականացնել համայնքի բարեփոխման մեր ծրագրերը՝ թափանցիկ, արդար ու հաշվետու գործելաոճով։
Այսօր ցանկանում եմ ամփոփել 2022-2023 հաշվետու տարին և ներկայացնել այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են մեր թիմի կողմից Դիլիջան համայնքում․
1․ Դիլիջան քաղաքում և բնակավայրերում կառուցել ենք 16 բազմաֆունկցիոնալ, դիլիջանյան ոճին համապատասխան, փայտե կոնստրուկցիաներով կանգառներ։
2․ Դիլիջան համայնքում տրանսպորտային երթուղիները սպասարկելու համար ձեռք ենք բերել 2 միավոր ավտոբուս։
3․ Կոմունալ տնտեսության սպասարկման համար ձեռք ենք բերել 1 միավոր աղբատար մեքենա և շուրջ 200 աղբաման։
4. Թեղուտ և Աղավնավանք բնակավայրերում ընթացքի մեջ են նոր ջրագծերի կառուցման աշխատանքները։
5․ Կառուցման ընթացքի մեջ են Հաղարծին բնակավայրի 2-րդ, 7-րդ, 10-րդ փողոցների, Խաչարձան բնակավայրի 2-րդ, 3-րդ փողոցների, Գոշ բնակավայրի Մ․ Գոշի փողոցի, Հովք բնակավայրի 1-ին փողոցի տուֆապատման աշխատանքները։
6․ Շուտով կավարտենք Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 117/4 հասցեից մինչև Գայի 90 հասցեն ընկած հատվածի ասֆալտապատումով հիմնանորոգումը և Դիլիջան քաղաքի Կալինինի 256 հասցեից մինչև Այգեստան 1/1 հասցեն ընկած հատվածի ասֆալտապատումով հիմնանորոգումը։
7․ Արդեն ավարտված է Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 76 և 78 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգումը, և ընթացքի մեջ են Գետափնյա 76, Շահումյան 12, Շամախյան 1Ա և 1Բ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները։
8․ Իրականացրել ենք մշակութային, կրթական, սպորտային ու սոցիալական բազմաթիվ միջոցառումներ, համագործակցել միջազգային ու տեղական կառույցների հետ։
Բացի վերոնշյալ ծրագրերը, իրականացրել ենք համայնքի բարեկարգմանն ուղղված բազմաթիվ աշխատանքներ (գիշերային լուսավորության նոր ցանցեր, ոռոգման ու խմելու նոր ջրագծեր, աղբահանություն, փոսալցումներ, հողային հարթեցումներ և այլն), որոնք ինքներդ հաճախ նկատում ու բարձրաձայնում եք։
Այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմին, ում ամենօրյա ջանքերի շնորհիվ մեր քաղաքում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում և շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր քաղաքացու, ով համբերատար սպասում է հաջորդ բարեփոխման ծրագրին ու երախտագիտությամբ համագործակցում է մեզ հետ»-ասված է ներկայացված հաղորդագրության մեջ։
Շնորհակալ եմ
Հարգանքով՝
Դավիթ Սարգսյան
Դիլիջան համայնքի ղեկավար
Spread the love