Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ: Հայտնում է shamshyan.com-ը:
Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Նշված վայրից օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 3 հոգու նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել 2-ին՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մեկին՝ «Արմենիա» բԺշկական կենտրոն:Տարածքը պարեկները սահմանազատել են :
Ըստ նախնական տեղեկությունների կիսաբացօթյա սրճարանի խոհանոցային և արտաքնոցի հատվածում պայթյուն է տեղի ունեցել և փլուզում: Առաստաղի բավականին հատված փլուզվել է, կոտրվել են պատուհաններ և գույքի մի հատված վնասվել է: Տարածքը գազաֆիկացված չէ, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ պայթյունը գազից չի առաջացել:
Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը և հնարավոր է դեպքի վայր ժամանեն Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը:Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: