Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը զգուշացրել է Իսրայելին և նրա «հովանավորներին», որ նրանք ստիպված կլինեն ծանր գին վճարել Գազայում պաղեստինցիների վրա սարսափելի հարձակումների համար, գրում է Tasnim-ը։
«ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմին աջակցող բոլոր կառավարությունները պետք է նկատի ունենան, որ իրենց աջակցությունն Իսրայելի հանցագործություններին անպատասխան չի մնա տարածաշրջանի ժողովուրդների և ազատություն փնտրողների կողմից»,- ասել է Խատիբը։
Իրանի հետախուզության նախարարը նաև զգուշացրել է Իսրայելին և նրա կողմնակիցներին՝ ակնկալել «դաժան, կործանարար և աղետալի վրեժխնդրություն Գազայի ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար»:
«(Իսրայելի) ռեժիմը երբեք իրեն ապահով չի զգա։ Նրա սոցիալական պառակտումն ու քաղաքական կռիվները կավելանան ինչպես ներսից, այնպես էլ դրսից»,- հավելեց նա:
Նախարարն ասել է, որ «Պաղեստինի դեմ Սիոնիստական ռեժիմի վայրագություններն անուղղելիորեն խարխլել են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությունը»։
Խատիբը հիշեցրել է այն կառավարություններին, որոնք ձգտում էին հանգստացնել Միացյալ Նահանգներին «Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով», որ իրավիճակը փոխվել է, և հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը ոչ մի տեղ չեն տանի: