Շվեդիան Քրդական կուսակցության հանդեպ քայլեր չի ձեռնարկել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության համար. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան քայլեր չի ձեռնարկել Քրդական աշխատավորական կուսակցության հանդեպ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Անկարան հավանություն տա ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությանը։

«Նրանք ասել են, որ հող են նախապատրաստել Շվեդիայից Թուրքիա զենքի արտահանման համար։ Դա ճիշտ է, նրանք նման քայլեր են ձեռնարկել։ Բայց, ցավոք, Շվեդիայում մինչ այժմ չի ընդունվել ոչ մի միջոց Քրդական աշխատավորական կուսակցության հանդեպ։ Մեր պարտավորությունն էր, որ մենք հարցը փոխանցենք խորհրդարան, եւ մենք դա արել ենք»,- Ղազախստանից վերադառնալիս ասել է Էրդողանը ինքնաթիռում թուրք լրագրողներին։ Նրա խոսքերը մեջբերել է Hürriyet թերթը։

Նախագահը նշել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Սթոլտենբերգի հետ գրագրության մասին։ «Նա ուշադիր հետեւում է այդ աշխատանքին։ Նա ասում է, որ դրական է համարում իմ քայլը՝ հարցը խորհրդարան ուղարկելու հետ կապված։ Ես նրան ասել եմ, որ այսուհետ դա խորհրդարանի գործն է։ Եթե Ամերիկայում կան Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ, մենք խորհրդարան ունենք։ Տեսնենք, թե ինչպես մեր խորհրդարանը կքննարկի դա։ Հիմա, ինչպես գիտեք, բյուջեի քննարկման ժամանակն է։ Խորհրդարանը զբաղվելու է բյուջեով»,- ասել է Էրդողանը։

Նա ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը եւ այն ներկայացրել խորհրդարանի քննարկմանը հոկտեմբերի 23-ին։ Թուրքիայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ թագավորության հայտը կքննարկեն խորհրդարանում, հոկտեմբերին, աշնանային նստաշրջանն սկսվելուն պես։

Spread the love