Հայաստանում անհրաժեշտ է փոխել համայնքներին ֆինանսական օգնություն հատկացնելու կարգը։ Այս մասին Ազգային ժողովում, «Ֆինանսական հավասարեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 14-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Մասնավորապես, ինչպես նշել է փոխնախարարը, մարզերին կատարվող հատկացումներն անհրաժեշտ է ավելացնել։ «Շնորհիվ առաջարկվող փոփոխությունների՝ հանրապետության առանձին մարզեր կկարողանան ստանալ ավելի շատ միջոցներ հատկացումների ֆոնդից»,- հավաստիացրել է պաշտոնյան։ Բացի այդ, լրացուցիչ կհատկացվի 5 միլիոնական դրամ յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայրին։
Փոխնախարարը նաեւ նշել է, որ համայնքների խոշորացման իրականացված գործընթացի արդյունքներով փոխվել է նաեւ դրանց կառուցվածքը։ Այդ առնչությամբ մտցվել է նաեւ համայնքների նոր կատեգորիզացիա։ Այսինքն՝ ըստ թվաքանակի. 0-ից մինչեւ 3 500, 3 500-ից մինչեւ 20 հազար, 20 հազարից մինչեւ 50 հազար, 50 հազարից մինչեւ 200 հազար մարդ։ «Ընդ որում՝ 3 500 մարդուց քիչ բնակիչ ունեցող բնակավայրերի համար կհատկացվի 50 միլիոնական դրամ»,- տեղեկացրել է կառավարության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ 200 հազար մարդ նշաձողը սահմանվել է այն բանի համար, որպեսզի Գյումրին եւս կարողանա դոտացիաներ ստանալ 1,5 գործակցով։ Ավելի վաղ այս հարցում այն հավասարեցված էր Երեւանին։