Ամանորին հրապարակի շենքերի վրա էլի անցքեր արվելու են, բայց ավելի քիչ. տոնածառի լույսերն ավելի ուշ կվառվեն. Փոխքաղաքապետ

Այս տարի դեռեւս կնքվել է մի պայմանագիր մի ընկերության հետ ամանորյա լուսավորության աշխատանքները կազմակերպելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա կնքված պայմանագիրը, որը վերաբերում է նույն մասշտաբի աշխատանք կատարելուն, առաջին անգամ ունենք իրավիճակ, որ նախորդ տարվա ընթացքում ձեռք բերված գույքն ենք օգտագործելու: Իհարկե, կատարվել են որոշակի լվացման, վերանորոգման աշխատանքներ:

Մենք նախորդ տարի ասում էինք՝ որ արդարացված են այդ նպատակով գնումները, քանի որ սա մեկանգամյա օգտագործման գույք չէ: Այս տարի դրա ապացույցը կարող եք տեսնել, վստահ եմ՝ տեսնելու եք նաեւ հաջորդ տարիներին»,-ասաց նա:

Անդրադառնալով Հանրապետության հրապարակի շենքերի վրա անցքեր անելուն, ինչը մեծ քննադատության ալիք առաջացրեց նախորդ տարի, փոխքաղաքապետն ասաց. «Նախորդ տարի բացված անցքերը բոլորը փակվել են: Հաշվի առնելով, որ այս տարի չունենք այն հրատապությունը, որ ունեցել ենք անցած տարի՝ կապված մանկական Եվրատեսիլի հետ, այս տարի լույսերը փոքր ինչ ուշ են վառվելու։

Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումն իրականացվելու է մի փոքր այլ եղանակով, պատկերը, որ տեսել եք անցած տարի, այս տարի էլ եք տեսնելու, բայց տեխնիկական առումով պատրաստվելու են թեթև մետաղական կոնստրուկցիաներ՝ կարկասներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները։

Շենքերի վրա էլի անցքեր լինելու են, բայց դրանք լինելու են անհամեմատ ավելի փոքր թվով և լինելու են այն անցքերը, որոնք անցած տարի բացվել են, լցվել են։ Այս տարի նորից բացվելու են, օգտագործվելու են և, ինչպես անցած անգամ, այնպես էլ հիմա՝ նորից լցվելու են», – հայտարարեց Սուրեն Գրիգորյանը։

Ամանորյա զարդարանքներն իրականացնելիս թե ինչ ծավալի գումար է ծախսվելու՝ փոխքաղաքապետը չասաց՝ նշելով, որ այս պահին առկա տվյալները խիստ նախնական են։

Spread the love