Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված 1143 քաղաքացի շարունակում է բնակվել ժամանակավոր կացարաններում՝ հյուրանոցներում, հյուրատներում, պետական և համայնքային շենքերում, մինչդեռ հոկտեմբերի 5-ի դրությամբ այդ թիվը 10 հազարի էր հասնում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, հումանիտար կենտրոնի ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Վաչե Տերտերյանը:
«Սա նշանակում է, որ մարդիկ արձագանքել են այս հնարավորությանը և իրենք իրենց համար փորձում են վարձակալել բնակարաններ, տներ, իրենց նախընտրած կամ հնարավոր ավելի հարմար միջավայրում»,- ասաց նախարարի տեղակալը և նկատեց, որ այս համատեքստում դեռ շարունակվում են ներքին տեղաշարժերը:
Տերտերյանը նշել է, որ կառավարությունը նոյեմբերի 17-ի դրությամբ համայնքներին 3,4 մլրդ դրամ է հատկացրել, բացի դրանից էլ Սյունիքի մարզպետարանն առանձին 579 մլն դրամ է ստացել։
«Այս միջոցները տրամադրվել են քաղաքացիների առաջին անհրաժեշտության ապահովման համար։ Տրամադրված գումարների ավելի քան 83 %–ն արդեն ծախսվել է»,– ասաց Տերտերյանը։
Շարունակվում են նաև հումանիտար բեռների հետ կապված աշխատանքները: Մասնավորապես՝ Լեհաստանից, Ռումինիայից, տարբեր կազմակերպություններից, այդպես էլ ռուսաստանաբնակ գործարարներից: Ավստրիայի, Գերմանիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի կողմից ՀՀ-ին փոխանցված հումանիտար բեռները սահմանված կարգով պահեստավորվում են, ընդունվում են ՆԳՆ համապատասխան կառույցներում, և մարզպետարանների համայնքներից ստացված հայտերի համակարգման և ընդհանրացման արդյունքում դրանք բաժանվում են մարզերին, ապա համայնքներին ու բնակավայրերին:
«Առանձին ուզում եմ նշել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տրամադրված հումանիտար բեռը, որը հատկացվել է Սյունիքի մարզպետարանին»,- ասաց նախարարի տեղակալը: