Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ՀՀ ԱԺ նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվել է նաեւ ստեղծել իրավական հիմքեր այն իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: Միեւնույն ժամանակ կսահմանվեն անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց պետական գրանցումները ճանաչելու կարգի առանձնահատկությունները:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե ներկայացված օրենսդրությամբ տնտեսավարողների մոտ ինչ ազդեցություն կթողնի այս փոփոխությունը: «Ամենակարեւորն ապահովում է իրենց իրավունակության շարունակականությունը: Այսինքն՝ տնտեսավարողներն իրենց կնքված եւ գործող պայմանագրերի՝ վարկերի եւ մյուս հարաբերությունների ու պարտավորությունների մասով, այս կարգավորման ընդունման պարագայում այլեւս չեն ունենա որեւէ խոչընդոտ եւ կշարունակեն իրենց տնտեսավարական գործունեությունը»,- նշել է հիմնական զեկուցողը: Նրա խոսքով կսահմանվի ժամկետ՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 31-ը, եւ ընկերություններին հնարավորություն կտրվի գրանցվելու գրանցամատյանում, որով կճանաչվի վերջիններիս իրավունակությունը: