Առաջարկվում է ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները

Գործադիրն առաջարկում է ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները՝ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի փոխարեն նախատեսելով 5-ից 30 տոկոսի չափով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գնահատմամբ նպատակն է մեծացնել համայնքային իշխանությունների՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու միջոցով համայնքային բյուջեն կառավարելու հնարավորությունները:

«Բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով սահմանված է, որ վարչական բյուջեից մի դեպքում մինչեւ 20 տոկոս, մյուս դեպքում՝ 5-20 տոկոսի չափով կարելի էր մասհանումներ կատարել պահուստային ֆոնդ, ինչն այնուհետեւ տեղափոխվում էր ֆոնդային բյուջե եւ հնարավոր էր լինում իրականացնելու ներդրումային կամ կապիտալ ակտիվների ձեւավորման աշխատանքներ: Վաչե Տերտերյանի համոզմամբ այս հնարավորությամբ համայնքները կկարողանան ավելի շատ ծրագրերի մասնակցել եւ կապիտալ ակտիվների ձեռքբերման միջոցառումներ իրականացնել:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Spread the love