Միացյալ Նահանգների իշխանությունները կոչ են անում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին հանձնել հոկտեմբերին Իսրայելի վրա գրոհայինների հարձակումը կազմակերպած առաջնորդներին, սակայն խոստովանում են, որ այդ գաղափարը իրականացնել դեռ չի ստացվի։ Այս մասին հայտնում է Semafor պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականը մեջբերում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգերքի խոսքը, որն արաբական երկրների դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՀԱՄԱՍ-ը, Գազայի բնակիչներին պաշտպանելու համար, պետք է «հանձնի իր առաջնորդներին և նրանց, ովքեր պատասխանատու են հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածի համար»: Ավելի ուշ նմույնանման թեզ է արտահայտել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը The Washington Post-ի էջերում: Ամերիկացի առաջնորդը պնդել է, որ եթե պաղեստինյան շարժումն իսկապես հոգ է տանում խաղաղ բնակիչների վիճակի մասին, ապա այն պետք է «ազատի բոլոր պատանդներին, հանձնի զենքերը և իր առաջնորդներին»։
ԱՄՆ վարչակազմում պարբերականի աղբյուրները կարծում են, որ Սպիտակ տան պահանջը կանտեսվի ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների կողմից։ Սակայն կարծում են, որ կարևոր է սկսել զինյալների առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը: ՀԱՄԱՍ-ի բարձրագույն քաղաքական ղեկավարության մեծ մասը գտնվում է Քաթարում և Թուրքիայում՝ այն երկրներում, որոնք աջակցում են ԱՄՆ-ին, նշում է պորտալը։ Մերձավոր Արևելքի այս երկրների ղեկավարները մինչ այժմ «նշան չեն ցույց տվել», որ պատրաստ են ՀԱՄԱՍ-ի անդամներին հանձնել Իսրայելին կամ ԱՄՆ-ին։
ԱՄՆ պաշտոնյաները և Մերձավոր Արևելքի երկրների ներկայացուցիչները Semafor-ին ասել են, որ դեռ վաղ է քննարկել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու կոնկրետ քայլերը: Քննարկումներին մասնակցող պաշտոնյաներից մեկը պարբերականին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հարցը կարող է քննարկվել Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ)։ Իսրայելը, ինչպես և ԱՄՆ-ը, ՄՔԴ-ի մասնակիցներ չեն, քանի որ չեն ստորագրել Հռոմի կանոնադրությունը: