Հայաստանում միշտ վաճառվել են եւ կվաճառվեն վարորդական վկայականներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում եւս վարորդական վկայականներ վաճառվում են:
«Հարցրեք յուրաքանչյուր հայի, ձեզ կասեն՝ ում ես փող տալիս, գալիս են, քեզ քո տանը պռավան տալիս են աշխարհի ամենաժողովրդավար երկրներից մեկում: Խնդիրը դրա դեմ պայքարն է: Հիմում եմ, մենք նայում էինք, թե մինչեւ 2018 թվականը վարորդական իրավունքի համար դիմածների եւ ստացածների տոկոսն ինչքան էր: Հատկապես մարզերում դիմածների 97 տոկոսը ստանում էր վկայական: Հիմա այնտեղ այդ ցուցանիշը 15-20 տոկոս է իջել: Այնպես չի չէ՞, որ մեկ օրում ժողովուրդն արթնացավ ու չի կարողանում քննություն տալ»,-ասաց նա:
Իր հերթին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հետաքրքիր փաստ ներկայացրեց. «Հիմա ամենաբարձր տոկոսով, ընդ որում խիստ տարբերվող բարձր տոկոսով այն հաշվառման քննական բաժինն է, որի պետը ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին է: Ես ոչ մի եզրակացություն, ոչ մի ակնարկ չեմ ասում, բայց դա մաքուր վիճակագրություն է, որը մենք ունենք»:
Սիսակ Գաբրիելյանը շարունակեց, որ եթե մինչեւ 2018-ը վարորդական վկայական գնելու արժեքը մոտ 100 հազար դրամ էր, այսօրվա գնաճով պետք է դառնար 150-180 հազար, բայց այսօր, որքան ինքը լսել է, տատանվում է 400-600-700 հազար դրամի սահմաններում: «Էն էլ վերջին պահին կարող են ասել՝ չի լինում: Այս թվերը ցույց են տալիս, որ այդ ոլորտում էական առաջընթաց կա