Հայաստանի ազգային ժողովն ընդունեց 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այն ստացավ 71 կողմ, 25 դեմ ձայն: Բյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանը շարունակել էր դեկտեմբերի 6-ին:
Ազգային ժողով ներկայացնելուց հետո պետական բյուջեի նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում կատարվել էին փոփոխություններ՝ պայմանավորված նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի նախատեսմամբ:
Կառավարության պահուստային ֆոնդը 2024 թվականին նախատեսվում է 156 մլրդ դրամով ավելացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության լրացուցիչ ծրագրերի համար։
Այսպիսով 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ, որից հարկային եկամուտներն ու տուրքերը կկազմեն 2 տրլն 613 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 24,9%): Բյուջեի նախագծով նախատեսվել են 3 տրլն 206 մլրդ դրամ ծախսեր, որից կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ:
Այսպիսով, կապիտալ ծախսերը 2024 թվականին կգերազանցեն ընթացիկ տարվա ցուցանիշը 27%-ով և կկազմեն ՀՆԱ-ի 6,6%-ը։ Միաժամանակ, կապիտալ ծախսերի 42%-ն ուղղվելու է պաշտպանությանը։
Պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի մոտ 483 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4,6%-ը։ Սակայն պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի վերջում կմնա անփոփոխ՝ 48,3 տոկոս։