Զելենսկին դժգոհ է Էրդողանից. նա արդյունք ցույց չի տվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որևէ արդյունք ցույց չի տվել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման հարցում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-Украина-ն։

Զելենսկու խոսքով՝ գերիների փոխանակումը բավականին բարդ խնդիր է, հատկապես, եթե դա վերաբերում է Ղրիմի բանտարկյալներին։ Սակայն նա հիշեցրել է, որ Էրդողանը խոստացել է օգնել այս հարցում։

«Ինչ վերաբերում է ղրիմցիներին: Բարդ պատմություն է։ Միջազգային կազմակերպություններին շնորհակալություն հայտնելու բան չկա, նրանք ոչինչ չեն կարողացել անել։ Էրդողանի հետ ես շատ եմ աշխատել այս հարցի շուրջ։ Մինչ այժմ հարգարժան նախագահ Էրդողանը արդյունք չի տվել բոլոր այն բանտարկյալների հետ կապված, ովքեր եղել են Ղրիմի տարածքում»,- ասել է Զելենսկին։

Ինչպես նշում են ուկրաինական լրատվամիջոցները, դեռ 2021 թվականին Էրդողանը հայտարարել էր Ղրիմի հարցերում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջնորդ դառնալու ցանկության մասին։ Նրա խոսքով, թուրքական կողմը շահագրգռված է, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։

«Մեր դիրքորոշումն այստեղ հստակ է. Մենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից ենք, հատկապես Ղրիմի թաթարների հարցում։ Մենք բազմիցս այդ հարցերը քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի, հատկապես պարոն Պուտինի հետ»,-  այն ժամանակ ասել էր նա։

Spread the love