Խաղաղության պայմանագիրը ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի։ Այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանական հեռուստատեսության հարցազրույցում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի հետ կապված բոլոր կարեւոր նախաձեռնությունների հեղինակն է. «Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից։ Կարեւոր է, որպեսզի երկու կողմերը այստեղ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի լիակատար ինքնիշխանոսւթյան վերականգնումից հետո մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաեւ լսում ենք որոշ դրական արձագանքներ»։
Գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջարկների հերթական փաթեթը խաղաղության պայմանագրի վերաբերյալ պաշտոնական Բաքուն Երեւանից ստացել է այս տարվա նոյեմբերի վերջին։ «Առաջարկների փաթեթը, որը մշակել ենք մենք մեկ ամսվա ընթացքում, ներկայացվել է Հայաստանին։ Գործընթացը շարունակվում է։ Ես կարծում եմ, որ հանդիպումները կկայանան 2024թ.։ Մենք այդ հարցին նայում ենք իրատեսորեն եւ լավատեսորեն։ Միեւնույն ժամանակ, երբ խոսում ենք խաղաղության համաձայնագրի մասին, մենք պետք է հասկանանք, որ այն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի»,- ասել է Բայրամովը։