Կենտրոնում և Արաբկիրում կայանման կարմիր գծերի վճարը 2024-ից կբարձրանա. Ավագանին ընդունեց աղմկահարույց որոշումը

Տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին օրենքում փոփոխություններ են նախատեսվում: Այդ հարցը Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը, ապա ներկայացրեց դրա շրջանակում ամենաքննարկված փոփոխություններից մեկը:

«Առաջին հիմնական փոփոխությունն այն է, որ ավտոկանայատեղիներում կայանելու համար մոդելի մեջ կատարում ենք արմատական փոփոխություն, մտցնում ենք զոնավորում, քաղաքը բաժանում ենք 2 զոնայի՝ Ա և Բ (Կենտրոն և Արաբկիր – խմբ.), և սահմանում ենք գոտիավորում նաև տվյալ զոնաների շրջանակում և սահմանում ենք առանձնացված դրույքաչափեր:

Ա զոնայի համար 1 ժամվա համար սահմանում ենք 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 5000 դրամ, 1 ամսվա համար՝ 18 000 դրամ, 1 տարվա համար՝ 160 հազար դրամ:

Բ գոտում ներառված փողոցներում կայանելու համար առաջարկում ենք սահմանել 1 ժամվա համար՝ 200 դրամ, 1 օրվա համար՝ 1000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար՝ 4000 դրամ, 1 տարվա համար՝ 24 000 դրամ»,- ասաց Արման Ջհանգիրյանը:

Ըստ Արման Ջհանգիրյանի՝ 160 հազար դրամի համար, օրինակ, հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես՝ Թբիլիսիի փորձը: Օրինակ՝ Թբիլիսիի Կենտրոնում կայանելու համար տարեկան վճարը 800 լարի է, իսկ Մոսկվայում՝ 4000 ռուբլի:

«Մենք ունենք 15 րոպե անվճար կայանելու հնարավորություն, միաժամանակ ավագանու կողմից առաջարկվել էր ներկայումս 24:00-ից 09:00 անվճար կայանելը դարձնել 22:00-ից 09:00-ը, այսինքն՝ քաղաքացին երեկոյան՝ ժամը 10-ից հետո, անվճար կայանելու հնարավորություն է ստանում կարմիր գծերում: Մոդելը դա է: Սա ֆիսկալ նպատակ չունի, հիմնական նպատակը տարեկան կայանելու հնարավորությունը սահմանափակելն է՝ հիմնական շեշտը դնելով ժամով և օրով կայանելու վրա»,- ասաց Ջհանգիրյանը:

Տիգրան Ավինյանը, դիմելով երևանցիներին, ևս մեկ անգամ հայտարարեց. «Սիրելի՛ երևանցիներ, դուք կարող է այս հարցով ինձ հետ համաձայն չլինեք, բայց ես պատասխանատու եմ այս որոշման համար, և ամբողջ պատասխանատվությունն այս որոշման ընկնում է անձամբ ինձ վրա, այս թանկացման համար պատասխանատուն էլ անձամբ ես եմ»:

«Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չքվեարկեցին նախագծին, «Հանրապետություն», «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները կողմ քվեարկեցին: Նախագիծն ընդունվեց 32 կողմ, 3 դեմ ձայներով:

Spread the love