Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է Գազայի հատվածում հակամարտության ավարտի երեք պայման՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացում, անկլավի ապառազմականացում եւ ապաարմատականացում, գրել է նա The Wall Street Journal թերթի հոդվածում։
«ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի, Գազան պետք է ապառազմականացվի, իսկ պաղեստինյան հասարակությունը պետք է ապաարմատականացվի։ Այս են խաղաղության երեք նախապայմանները Իրսայելի եւ Գազայի հատվածի իր պաղեստինցի հարեւանների միջեւ»,- գրել է Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ շատ այլ երկրներ աջակցում են Իսրայելի մտահղացմանը արմատական շարժման ոչնչացման հարցում։
Ինչպես նշել է Նեթանյահուն, անկլավի ապառազմականացման համար անհրաժեշտ է «ստեղծել անվտանգության ժամանակավոր գոտի Գազայի հատվածի պարագծով եւ տեսչական մեխանիզմ Գազայի հատվածի եւ Եգիպտոսի սահմանին», որը կկանխի զենքի մաքսանենգությունը Գազայի տարածք։
Հոդվածում հրեական պետության վարչապետը նշել է նաեւ, որ պաղեստինյան քաղաքացիական հասարակությունը «պետք է այնպես վերափոխվի, որպեսզի նրա ժողովուրդը աջակցի ահաբեկչության դեմ պայքարին, այլ ոչ թե ֆինանսավորի նրան»։ «Հենց որ ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի, Գազայի հատվածը կապառազմականացվի, իսկ պաղեստինյան հասարակությունը կսկսի ապաարմատականացման գործընթացը, Գազան կարող է վերականգնվել»,- նշել է Նեթանյահուն։
Վարչապետը դեկտեմբերի 24-ին հայտարարել է, որ Իսրայելն ընդլայնում է իր ռազմական գործողությունը Գազայի հատվածում եւ կշարունակի պատերազմը մինչեւ անկլավում կառավարող արմատական «ՀԱՄԱՍ-ի դեմ հաղթանակը։ Նույն օրը Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ ԴանիելՀագարին տեղեկացրել է, որ իսրայելցի զինվորականները խորացնում են գործողությունը Խան Յունիս քաղաքում՝ առաջ ընթանալով եւ հայտնաբերելով արմատականների թունելները։