Կառավարությունը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի թեկնածուների է փնտրում․ ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել

Քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի (Քաղաքաշինության կոմիտեի) ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։

Պահանջվում է պատշաճ կրթություն, ծրագրերի կառավարման, ղեկավարման, վերահսկողության կամ համակարգման փորձ և հմտություններ։

Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը ցանկացողները կարող են ուղարկել hr@gov.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2024 թվականի հունվարի 9-ը ներառյալ։

Հարցազրույցներից հետո երեք թեկնածուի տվյալները կներկայացվեն վարչապետին՝ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։

Երկու օր առաջ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետը դժգոհ էր մնացել մի քանի մարզադահլիճների հիմնանորոգման որակից, նկատողություններ արել պատասխանատու պետական պաշտոնյաներին և հայտարարել, որ նման գործելաոճը չի հանդուրժելու։ Ժամեր անց մարզպետ Արամ Խաչատրյանն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։ Փաշինյանն այսօր այցելել էր Արմավիրի մարզ և կրկին մի շարք թերություններ հայտնաբերվել նորակառույց մարզադահլիճներում։ Քիչ հետո վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվեց նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։

Spread the love