Ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորների գովազդը կթույլատրվի միայն սահմանափակ վայրերում

Կարեւորելով Հայաստանում խաղամոլության աճի դեմ պայքարը` Կառավարությունը փոփոխություններ է կատարում «Գովազդի մասին» օրենքում` առաջարկելով թույլատրել ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների ցանկացած տեսակի գովազդ սահմանափակ վայրերում:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 20-ի ԱԺ նիստում:
Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի` գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի եւ դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում:
Նախաձեռնությունը գլխադասային` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը: Նա նշել է, որ խաղամոլության դեմ պայքարն իրենց քաղաքական թիմի համար առաջնահերթություն է, եւ նախագիծը միտված է այդ օրակարգի սպասարկմանը: Պատգամավորի խոսքով` 2020-ի ընթացքում իրականացվել են շուրջ 1,9 տրիլիոն գումարի չափով խաղադրույքներ, իսկ 2021-ին այդ թիվն աճել է 1.5 անգամ:
Ելույթներում պատգամավորները կարեւորել են իրականացվող փոփոխությունները, ներկայացրել նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել են նաեւ Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքում կատարվող փոփոխությունները` ուղղված արտակարգ իրավիճակների հետեւանքով առաջացած եւ հրատապ համարվող խնդիրներին հնարավորինս օպերատիվ արձագանքման հնարավորության ապահովմանը:
Առաջարկվող կարգավորումներն ամբողջությամբ այստեղ:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
Spread the love