Ծխելը մաշկաբանական մի շարք խնդիրների առաջացման կարևոր գործոն է։ Ծխելով պայմանավորված մաշկային խնդիրների, դրանցից խուսափելու և բուժման մասին NEWS.am Medicine-ը զրուցել ենք մաշկաբան Լուսինե Կիրակոսյանի հետ։
Ինչպե՞ս է ծխելն ազդում մաշկի հիվանդությունների վրա։
Ծխելը կործանարար ազդեցություն ունի մաշկի ինքնավերականգնողական, պաշտպանական գործառույթների և մաշկի էսթետիկ տեսքի վրա։ Ծխախոտի այրման ժամանակ արտազատվում և օրգանիզմ են ներթափանցում բազմաթիվ տոքսիկ նյութեր (ֆորմալդեհիդ, ծծումբ, խեժ, նիկոտին․․․)՝ առաջացնելով օքսիդատիվ սթրես և թթվածնաքաղց։ Բազմապատկվում է ազատ ռադիկալների քանակը, իսկ օրգանիզմի հակաօքսիդանտային ակտիվությունն ընկճվում է։ Ապացուցված է, որ մեկ ծխախոտի օգտագործումը չեզոքացնում է 35մգ վիտամին C և նվազեցնում է վիտամին A-ի և վիտամին E-ի քանակը (այս վիտամիններն օրգանիզմի հակաօքսիդանտներից են)։
Ի՞նչ մաշկաբանական հիվանդություններ են առաջանում ծխող մարդկանց մոտ և որո՞նք են ամենատարածվածները։
Ծխելու հետևանքով սրվում են գրեթե բոլոր մաշկային խրոնիկական հիվանդությունները (պսորիազ, ատոպիկ մաշկաբորբ, էկզեմա, սեբորեա, ռոզացեա, ակնե․․․), դրանց բուժումը դառնում է առավել բարդ, երկարատև, իսկ ախտադադարները շատ կարճ են տևում։ Բազմաթիվ հետազոտություններում ուղիղ կապ են գտել պսորիազի, ատոպիկ մաշկաբորբի, էկզեմայի ծանր ընթացքի և ծխախոտի օգտագործման միջև։ Հետազոտություններում նշվում է նաև կարմիր գայլախտի և ծխախոտի միջև հստակ կորելացիան։ Ծխելը նպաստում է խեյլիտների, անգուլիտների և բերանի խոռոչի լեյկոպլակիայի առաջացմանը։ Եվ վերջում նշեմ, որ ծխախոտի օգտագործումը մի քանի անգամ բարձրացնում է տափակ բջջային քաղցկեղի և մելանոմայի առաջացման ռիսկերը։ Ծխողների շրջանում մելանոմայի մետաստազավորումը շատ ավելի արագ է լինում։
Ինչպե՞ս կարելի է նվազեցնել ծխելով պայմանավորված մաշկաբանական հիվանդությունների առաջացման ռիսկը։
Այս ամենն իմանալով հանդերձ՝ հորդորում եմ զերծ մնալ ծխախոտի օգտագործումից, անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետների, ովքեր կօգնեն ձեզ ձերբազատվել այդ չափազանց կործանարար սովորույթից։
Եթե ոչ մի կերպ չի հաջողվում հրաժարվել այս վնասակար սովորությունից կարելի է ընտրել համեմատաբար պակաս վնասակար այլընտրանքներ, ինչպիսիք են օրինակ ծխախոտի տաքացման համակարգերը և էլեկտրոնային սիգարետները։ Վերջիններս ծխողների մոտ ապահովում են նույն էմոցիոնալ հագեցվածությունը, որն առաջանում է ծխախոտ օգտագործելիս։ Այլընտրանքների համեմատական առավելությունը կայանում է նրանում, որ դրանք աշխատում են առանց այրման, ինչի շնորհիվ արտադրվող թունավոր նյութերի քանակը ավելի քիչ է, ի տարբերություն սովորական ծխախոտի։ Կարևոր եմ համարում նշել, որ այս այլընտրանքները ևս անվնաս չեն և լավագույն ընտրությունը շարունակում է մնալ ծխելը ամբողջությամբ թողնելը։
Մի՛ անտեսեք ձեր և ձեզ շրջապատող մարդկանց առողջությունը։
Եղե՛ք առողջ և տեղեկացված։