Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր՝ օգոստոսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին։
«Հայաստանի վարչապետի՝ կարգավորմանը հակասող հայտարարություններն ափսոսանք են հարուցում», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Հաջիևը միաժամանակ վստահեցնում է, թե Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չկան։
«Այս հարցում Ադրբեջանի Սահմանադրության և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռներ անցկացնելու և հավասարություն ստեղծելու փորձն անընդունելի է։ Հայաստանի այս փաստարկը չի ընդունում միջազգային ոչ մի գործընկեր, և բոլորը գիտեն, որ այն լուրջ չէ։ Ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության՝ 1991 թվականի Պետական անկախության մասին սահմանադրական ակտը և 1918 թվականի Անկախության հռչակագիրը, որոնցում հղում է արվում Ադրբեջանի Սահմանադրությանը, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չկան։
Իսկ այն, թե ինչ տարածքներ են մտել Ադրբեջանի կազմում Ադրբեջանի առաջին Հանրապետության օրոք և երբ դրանք ներառվել են Հայաստանի կազմում, պատմական փաստեր են, և այդ փաստերն անհնար է հերքել։ Սա բնավ չի նշանակում, որ ներկայում Ադրբեջանի օրենսդրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Հայաստանի նկատմամբ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա միաժամանակ «բոլորովին անհիմն» է անվանել նաև այն, որ հայկական կողմը, նշելով խաղաղ համաձայնագրի նախագծում առկա դրույթը, թե ոչ մի կողմ չի կարող հղում կատարել իր ներքին օրենսդրությանը` խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու առնչությամբ։
«Եվս մեկ անգամ նշում ենք՝ հայտնի փաստ է, որ ոչ մի միջազգային պայմանագիր Սահմանադրության նկատմամբ առավելություն չունի։ Հենց այդ պատճառով, անկախ նրանից՝ ինչ ձևով է հայկական կողմը մտադիր ստորագրել «խաղաղության համաձայնագրի» նախագիծը, Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային հավակնություններին վերջ տալն է. դրանք ամրագրված են այդ երկրի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որը հստակ հղում է անում Հայաստանի անկախության ակտին՝ կոչ անելով «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը»։
Միաժամանակ, Հայաստանի զանգվածային սպառազինման ջանքերն արդարացնող վարչապետի հայտարարություններն ամենևին ճշմարտությունը չեն արտացոլում։ Նախևառաջ նշենք, որ Հայաստանն է, որ գրեթե 30 տարի օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքը՝ հակասելով միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի հռչակագրին, որին հենց ինքն էլ վկայակոչում է: Միաժամանակ, նկատի ունենալով այն, որ Հայաստանը դեռ տարածքային հավակնություններ է առաջ քաշում իր հարևանների նկատմամբ, դժվար չէ հասկանալ, թե տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար ինչ վտանգ է ներկայացնում Հայաստանի սպառազինությունը»,- պնդում է Հաջիևը։