Հայկական գինին կարող է մրցել համաշխարհային լավագույն նմուշների հետ։ Այս մասին Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի բացումից առաջ հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մեր գինին որակով գերազանցում է իր ճանաչելիությունը, և մենք պետք է կենտրոնանանք նրա առաջմղման վրա։ Միջազգային բազմաթիվ փորձագետներ հայկական գինին հաճելի բացահայտում են համարում և նշում, որ այն կարող է զարմացնել սիրահարներից շատերին»,– ընդգծեց նախարարը։
Նա հավելեց, որ հայկական գինիների մեծ մասը ոչ միայն համապատասխանում են եվրոպական չափանիշներին, այլև հաճախ գերազանցում են դրանց։ Այդ համատեքստում կարևոր է ոչ միայն ամրապնդել դիրքերը արդեն իսկ գրաված շուկաներում, այլև ընդլայնել արտահանման աշխարհագրությունը` դիտարկելով նաև Չինաստանը։
«Այն դեպքում, երբ այլ ոգելից խմիչքների սպառումը նվազում է, գինու պահանջարկը կտրուկ աճ է արձանագրում` մեզ համար նոր հնարավորություններ բացելով», – ասաց նախարարը։
Նա նշեց, որ արտադրողների համար կարևոր է որոշել գնային սեգմենտը. որոշ երկրներում պահանջարկ են վայելում մինչև 6 դոլար արժողությամբ գինիները, մյուսներում` 20 դոլարից բարձր։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2023 թվականին երկրում ավելի քան 14 մլն լիտր գինի է արտադրվել, ինչը 11,7%–ով ավելի է 2022 թվականին արտադրվածից։
ՀՀ Մաքսային ծառայության տվյալներով` 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն ընդլայնել է գինու արտահանման ծավալները 17,6%–ով` մինչև 1,9 մլն լիտր։ Արտահանված գինու հիմնական ծավալը բաժին է հասել ռուսական շուկային` 85,5% մասնաբաժնով։