Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում(Տեսանյութ)

ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունեցել է «Աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» խորագրով աշխատաժողով: Մասնակցում էին ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ծառայողներ, Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի 11 համայնքների ղեկավարներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների տնօրեններ, բժշկական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված աղետներին դիմակայունության բարձրացմանը, ռիսկերի կառավարման համակարգերի ամրապնդմանը, համայնքների պատրաստվածությանն ու հանրային իրազեկվածության ապահովմանը։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանն իր խոսքում ընդգծել է, որ աղետներից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ անցկացնելն է, ինչը պահանջում է համատեղ աշխատանք և երկարաժամկետ տեսլական՝ պետական կառավարման համակարգի մարմիններից մինչև համայնքային մակարդակ, ինչպես նաև անհատական պատասխանատվություն։

Լոռու մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարությանը՝ միջոցառումը հատկապես Լոռու մարզում անցկացնելու համար: Նա նշել է, որ տեղական իշխանություններն ամեն օր կանգնած են աղետների վտանգի առաջ, և այդ խնդիրներն արդյունավետ լուծելու համար մշտապես աղետների ռիսկի նվազեցման հասանելի և գործուն ռազմավարությունների ու մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունն ունեն:
Օրակարգային թեմայի շուրջ խոսել են նաև ՆԳՆ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների և Փրկարար ծառայության ներկայացուցիչները: Մասնավորապես՝ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության աշխատակից Անի Եղիկյանը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում առկա մարտահրավերների, արդյունավետ համակարգի զարգացման վերաբերյալ մանրամասներ: Աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության հետաղետային վերականգնման կառավարման բաժնի պետ Արա Ասլանյանը խոսել է աղետի գոտում ՆԳ նախարարության իրականացրած միջոցառումների, ինչպես նաև միջազգային աջակցության մասին:
ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Աղետներին պատրաստվածության և արձագանքման բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանին սպառնացող տարերային և տեխնածին վտանգներին, համայնքային մակարդակում աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորման և զարգացման, խոցելիության և կարողությունների բացահայտման, քարտեզագրման, արտակարգ իրավիճակներին արձագանքման, բնակչության պատրաստվածության բարձրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև առկա խնդիրներին ու դրանց լուծումներին։
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանն անդրադարձել է Հանրային իրազեկման և ճգնաժամային հաղորդակցության մեխանիզմներին՝ խոսելով իրազեկման գործընթացների, ճգնաժամային հաղորդակցության, վաղ ազդարարման, օպերատիվ տեղեկատվության կառավարման և հասանելիության, համայնքների հետ համագործակցության ամրապնդման մասին։
Աշխատաժողովի ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում:
Ամփոփելով աշխատաժողովի արդյունքները՝ Նարեկ Սարգսյանը նշել է, որ աղետների կանխարգելումն ու հետևանքների վերացումն առավել արդյունավետ են, երբ հասարակության յուրաքանչյուր անդամ գիտակցում է իր պատասխանատվությունը: Նա ընդգծել է տեղական, համայնքային և ազգային մակարդակներում համատեղ աշխատանքի կարևորությունը, ինչը կնպաստի առավել պատրաստված, դիմակայուն և անվտանգ երկիր ունենալու տեսլականին։

Spread the love