Դիաբետը կարող է լինել ուղեղի սպիտակ նյութի կորստի պատճառ. JAMA

ԱՄՆ Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ նկատվում է ուղեղի սպիտակ նյութի (նյարդային մանրաթել պարունակող հյուսվածք) արագացված կորուստ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network-ում։

27 տարի տեւած հետազոտությանը մասնակցել է 185 մարդ։ Նրանց մեծ մասը սպիտակամորթ եվրոպացիներ էին՝ բարձրագույն կրթությամբ եւ հիվանդության ընտանեկան պամության մեջ դեմենցիայի առկայությամբ։ Կամավորները գիտնականների համար իրենց բժշկական տվյալների հասանելիություն են ապահովել  եւ ուղեղի բազմակի ՄՌՏ-սքանավորման անցկացման համաձայնություն են տվել։

Դիտարկումների ընթացքում 60 մասնակիցների մոտ առաջացել են թեթեւ կոգնիտիվ խանգարումներ (ԹԿԽ), իսկ ութի մոտ ախտորոշվել է դեմենցիա։ Արդյունքները ցույց են տվել, որ ԹԿԽ հավանականությունը 86 տոկոսով ավելի բարձր է եղել այն մարդկանց մոտ, ովքեր ուղեղի սպիտակ նյութի (նյարդային մանրաթելերի) ավելի մեծ կորուստ են ունեցել։

Հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուղեղի սպիտակ նյութի քանակությունը զգալիորեն կրճատվել է երկրորդ տեսակի շաքարային դիաբետ ունեցող անձանց մոտ։ Դա հանգեցրել է ԹԿԽ հավանականության ավելացման 41 տոկոսով։

Դեմենցիայի բիոմարկերների առկայությունը ողնուղեղային հեղուկում 50 տոկոսով բարձրացրել է կոգնիտիվ խնդիրների առաջացման հավանականությունը։ Ամենամեծ ռիսկի խմբում են եղել դիաբետ եւ ամիլոիդային բշտեր (սպիտակուցային ագրեգատների նեյրոնները քայքայող) ունեցողները միաժամանակ։ Նրանց մոտ թեթեւ կոգնիտիվ խանգարումներն առաջացել են մինչեւ 55 տոկոս հավանականությամբ։

Գիտնականները ենթադրել են, որ օրգանիզմի՝ ինսուլինը ճիշտ օգտագործել չկարողանալը արագացնում է  ուղեղում ամիլոիդի սպիտակուցի կուտակումը։ Դա կարող է առաջ բերել Ալցհեյմերի հիվանդություն եւ հանգեցնել ավելի արագ անցման ուղեղի նորմալ վիճակից թեթեւ կոգնիտիվ խանգարումների։

 

Spread the love