Փետրվարի 7-ին Նորվեգիա պաշտոնական այցի շրջանականերում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում. «Նանսենի ժառանգությունը և նրա՝ հազարավոր հայերի գոյատևումն ապահովելուն ուղղված մարդասիրական ջանքերը մնում են մարդասիրության անզուգական դրսևորում, որը Հայաստանը երբեք չի մոռանա։
Շարունակելով ամրապնդել հայ-նորվեգական կապերը՝ մենք հավատարիմ ենք մնում մարդկային արժանապատվության, համերաշխության և բարոյական պատասխանատվության այն սկզբունքներին, որոնք Նանսենն այդքան եռանդուն կերպով պաշտպանում և մարմնավորում էր»։
Ինստիտուտում կայացած կարճ քննարկմանը երկուստեք ընդգծվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականներին աջակցության հարցում Նանսենի կողմից գործադրված մարդասիրական ջանքերի կարևորությունը, թե՛ Հայաստանում, թե՛ Նորվեգիայում նրա գործունության նկատմամբ առկա մեծ հարգանքը։
Անդրադարձ է կատարվել նաև ինստիտուտի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Կարևորվել է երկկողմ գիտական կապերի խորացումը և փորձի փոխանակման նոր հնարավորությունների առավելագույնս իրացումը, այդ թվում՝ ՄԱԿ Կենսաբազմազանության կողմերի համաժողովի՝ Հայաստանում անցկացման շրջանակներում։
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել ինստիտուտում և ծաղկեպսակ է զետեղել մեծանուն նորվեգացի հումանիստի և գիտնականի գերեզմանին: