Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց. նրանք պնդում են, որ երեք ամիս աշխատավարձ չեն ստացել։
«Չեմ պատկերացնում՝ ինչ կարող է ունենալ ղեկավարությունը Հայաստանի միակ մանկական թատրոնի հետ, որն ապահովում է մեր երեխաների գեղագիտական դաստիարակությունը։ Չեմ հասկանում՝ ինչ կարող են ունենալ, որ երեք ամիս շարունակ մեզ աշխատավարձ չեն տալիս։ Ես 60 տարվա ստաժ ունեմ, ստանում են 86 հազար դրամ։ Եթե չնկարվեի ֆիլմերում՝ ինչո՞վ էի ապրելու։ Որևէ մեկն իրեն հարց տալի՞ս է։ Երբ որ ամեն ինչի գինը բարձրանում է, լույսինը, գազինը, չե՞ն մտածում, որ դրա հետ աշխատավարձն էլ պետք է բարձրանա»,–բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անահիտ Ղուկասյանը։
Դերասանուհին նշել է, որ եթե չնկարահանվեր ֆիլմերում, չէր կարողանա ապրել։ Նա հարց բարձրացրեց՝ իշխանությունները չե՞ն մտածում այն մասին, որ եթե երկրում ամեն ինչ թանկանում է, ապա քաղաքացիների աշխատավարձերն էլ պիտի բարձրանան։
«Երեք ամիս է՝ ոչ մեկս աշխատավարձ չենք ստացել։ Ասում են՝ ղեկավարությունն ինչ–որ փաստաթուղթ չի ստորագրել։ Դա իմ խնդի՞րն է։ Դերասանն իր բեմն ու դերը գիտի։ Ես ինչ կապ ունեմ ձեր ստորագրությունների հետ»,–ասել է Անահիտ Ղուկասյանը։