Մոնղոլիայում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 14 002-ի։ Այս մասին տեղեկացրել է վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնը։
«Եթե հունվարի 27-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի 13 967 դեպք, դրանցից 12-ը՝ մահացու ելքով, ապա երկու օր անց՝ հունվարի 29-ին, վարակվածների թիվը հասել է 14 002 մարդու։ Վարակն ամենից շատ տարածված է 10-14 տարեկանների խմբում՝ 5 183 դեպք, կարմրուկով հիվանդացել է նաեւ 0-4 տարեկան 3 330 երեխա, 1 806 դեպք՝ 5-9 եւ 1 7851 դեպք՝ 15-19 տարեկանների շրջանում»,- այսպիսի տվյալներ է ներկայացրել առողջապահության գերատեսչությունը։
Ավելի վաղ հանրությանը զգուշացվել էր, որ 2011թ․ հունվարի 1-ից մինչեւ 2016թ․ դեկտեմբերի 31-ը ծնված 10-15 տարեկան երեխաները մինչեւ 2026թ․ փետրվարի 6-ը կստանան կարմրուկի եւ կարմրախտի լրացուցիչ պատվաստումներ՝ դպրոցներում, որտեղ գրանցվում է դեպքերի մեծ մասը, ձմեռային արձակուրդներից հետո վարակի ռիսկի աճի պատճառով։
Ավելի վաղ առողջապահության նախարար Ժիգժիդսուրենգիյն Չինբուրենը հայտնել էր, որ Մոնղոլիայում կարմրուկի դեպքերը սկսել են ավելանալ պատվաստումների ցածր մակարդակի պատճառով (երեխաների 65 տոկոսը)։ 2015-2016թթ․ Մոնղոլիայում տեղի ունեցած վերջին բռնկման ժամանակ մահացել է 132, վարակվել է 53 737 մարդ։
