Ինչո՞ւ է սահմանվել, որ շտապօգնության յուրաքանչյուր 8-րդ զանգից հետո կանչը լինելու է վճարովի. Նախարարի պարզաբանումը

Առողջապահության ապահովագրության այս մեծ բարեփոխումը մեր քաղաքացիների, բժիշկների, բուժաշխատողների հետ միացյալ ենք անում. մենք անընդհատ որոշակի փոփոխություններ ենք անում, լավացնում ենք  և մեր քաղաքացիների դիտարկումները իրացնում ենք, սա է ճանապարհը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Անդրադառնալով մեղադրանքներին, որ թեև բարեփոխումը սպասված էր, բայց համակարգը ամբողջությամբ պատրաստ չէր, նախարարն ասաց. «Այս մեկ ամիսը ցույց տվեց, որ համակարգը պատրաստ էր։ Նման բարեփոխում իրականացնելը միշտ ռիսկերի հետ է կապված։ Ես ուրախ եմ, որ մեր հավաստիացումները, որ ռիսկերը կառավարելի են, հաջորդիվ ծագած նոր խնդիրները կամ հին խնդիրների բացահայտվելը մեզ համար ընկալելի ճանապարհ է, և ես ուրախ եմ, որ ընդդիմությունն էլ տեսնում է, ընդգծում է այս կարևորագույն համակարգի ներդրումը։ Ընդդիմության կողմից մեզ ուղղված հարցերը, դիտարկումները մենք շատ բաց ընդունում ենք»։

Անդրադառնալով նրան, որ սահմանվել է, որ շտապօգնության յուրաքանչյուր ութերորդ զանգից հետո կանչը լինելու է վճարովի, Ավանեսյանն ասաց. «Այո, ելնելով վիճակագրական տվյալներից, որ մեկ անձին տարվա մեջ օբյեկտիվորեն քանի կանչն է, որ անհրաժեշտ է, նման բան է սահմանվել, բայց սա ունի բացառություններ։ Բացառություններն էլ սահմանված են։ Այո, եթե մարդու ութերորդ կանչը լրացել է, բայց ունենք, օրինակ, ճանապարհատրանսպորտային միջադեպ, տրավմա է, կամ հղի է, կամ այլ իրավիճակներ, ապա սրանք բացառություններ են և անձը շտապօգնության ծառայությունից օգտվելու է անվճար։

Մենք այս որոշմանը գնացել ենք, որովհետև ունենք, ցավոք սրտի, այս ծառայության խոշոր չարաշահումներ։ Մենք ունենք քաղաքացիներ, որոնք հարյուրավոր կանչեր են իրականացնում, զրկելով այլ քաղաքացիների շտապօգնությունից օգտվելու իրավունքից,  և կյանք փրկելու խնդիր է առաջանում»։

Նախարարը վստահեցրեց, որ  որևէ անձ ըստ կարիքի շտապօգնությունից օգտվելու խնդիր չի ունենալու։

 

Spread the love