2025 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 7,7 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2024 թվականի համեմատ նվազելով շուրջ 38,3%-ով: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցից։
Ռուսաստանին վերաբերող բաժնում, մասնավորապես, նշվում է. «2025 թվականի ընթացքում շարունակվել է ՌԴ-ի հետ բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացել է 4 հանդիպում և 5 հեռախոսազրույց։
ՀՀ վարչապետը Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: 2025 թվականի հուլիսի 24-ին անցկացված Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում Ալթայի Հանրապետությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը:
2025 թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայում ՀՀ վարչապետը մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 24-րդ նիստը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՌԴ բնական ռեսուրսների ու էկոլոգիայի նախարարության միջև ստորագրվել է հուշագիր` 2026-2028 թթ. բնապահպանական համագործակցության ծրագրի վերաբերյալ: Հայաստանը և Ռուսաստանն ակտիվ գործակցել են ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում»։
