Հայաստանի գյուղոլորտի 5,4 տոկոս անկումը՝ նոր թանկացումների պատճառ (Գրաֆիկ)

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսության վիճակի մասին 2022 թվականի հունվար-մարտ ամիսների պաշտոնական տվյալները, մասնավորապես՝ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի տնտեսական ակիտվությունը դանդաղել է՝ կազմելով 9,6 տոկոս։ Անշուշտ, կանխատեսելի էր, որ տնտեսական ակտիվությունը նվազելու է հունվար-փետրվարի համեմատ(12 տոկոս), սակայն խիստ մտահոգիչ է, թե դա որ ոլորտների հաշվին է արձանագրվել։

Եվ այսպես՝ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմել է 5,4 տոկոս, սա այն դեպքում, երբ կառավարությունը միլիարդավոր դրամներ է ծախսել գյուղատնտեսական ծրագրերի վրա։ Սա ևս մեկ անգամ փաստում է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրերի ցածր արդյունավետությունը։ Գյուղոլորտը ռազմավարական նշանակություն ունի ցանկացած երկրի համար, քանի որ այն լուծում է պարենային  անվտանգության և զբաղվածությանու մի շարք այլ խնդիրներ։ Գյուղատնտեսության ոլորտը կազմում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի 11,1 տոկոս, ինչպես նաև այս ոլորտում է զբաղված ամեն երրորդ աշխատողը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա ընթացքումսննդամթերքը շարունակելու է թանկանալ, քանի որ տեղական գյուղմթերքի արտադրության ծավալները կրճատվում են։ Իսկ իրականությունից կտրված կամ հասարակության մոլորեցնողպաշտոնյաները թանկացումները բացատրում են միայն միջազգային շուկայում պարենամթերքի գներով։Տեղին է հիշեցնել, որ միայն այս տարվա հունվար-մարտ ամիսներին սննդամթերքի գներն աճել են 12,3 տոկոսով։

Տնտեսական ակտիվության դանդաղման հիմնական պատճառներից մեկն էլ արդյունաբերության ոլորտի անկումն է։ Մասնավորապես՝ 2022 թվականի մարտին անցած տարվա մարտի համեմատ արդյունաբերության անկումը կազմել է 6,9 տոկոս, իսկ 2022 թվականի փետրվարի համեմատ անկումը կազմում է 1,3 տոկոս։Մարտ ամսվա ընթացքում այս խոշոր անկումը բացատրվում է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խնդիրներով, մասնավորապես՝ ռուբլու արժեզրկումը և ռուսաստանիցների գնողունակության անկումը էապես կրճատել էհայկական ապրանքների  արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։ Դա նաև արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը, մասնավորապես՝ 2022 թվականի մարտին փետրվարի համեմատ Հայաստանից արտահանումը նվազել է 12,2 տոկոսով։ Հիմնականում նվազել է ալկոհոլային խմիչքների, պահածոների, սննդամթերքի, սիգարետի արդյունաբերական ընկերությունների արտահանումը։

Միաժամանակ հարկ է նշել, որ 2022 թվականի առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության անկումնանհամեմատ մեծ կլիներ, եթե չլիներ առևտրի, ծառայության ոլորտի և շինարարության ոլորտների աճը, որը հիմնականում պայմանավորված է շուրջ 85000 ռուս զբոսաշրջիկների ժամանակավոր ներհոսքով։

Արամ Աճեմյան

Spread the love