2.6 մլրդ դրամ կուղղվի շուրջ 1000 քննիչներին՝ ամսական հավելում վճարելու համար. լրացումներ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում հանձնաժողովականները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս ադրբեջանական սադրանքի հետեւանքով մայիսի 12-ին զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Բաղդասարյանի հիշատակը:

«Քննչական կոմիտեի քննիչները վերջին տարիներին աշխատում են գերծանրաբեռնված: 2020 թվականի դրությամբ Կոմիտեի վարույթում քննվել է 32.483 քրեական գործ, 2021 թվականին՝ 41.883 քրեական գործ,  2022 թվականին՝ 59.830 քրեական վարույթ: Եթե 2020 թվականին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 73 վարույթ, ապա 2021 թվականին դրանց թիվը կազմել է 87, իսկ 2022 թվականին՝ 111 վարույթ»,- ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ՀՀ կողմից մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ: Օրենսդրական փոփոխություններն ուղղված են քննիչների աշխատավարձի ու դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացմանը եւ քննիչների թվակազմի ավելացմանը:

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:

Ըստ Արսեն Այվազյանի՝ Հայաստանում մինչդատական վարույթ իրականացնելու իրավասությամբ օժտված մարմինների վարույթում քննված քրեական գործերի շուրջ 90-95 տոկոսը մշտապես քննվել եւ քննվում է Քննչական կոմիտեում: Քրեական վարույթների նման քանակական աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի: Հիմնական զեկուցողն առաջարկել է նախագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արսեն Այվազյանը ներկայացրել է քննիչների աշխատանքի պայմանների բարելավման՝ տեխնիկական համալրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: «Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն այս տարվա հուլիսի 1-ից մենք պետք է հարցաքննությունները եւ մի շարք այլ քննչական գործողություններ կատարենք տեսանկարահանման եղանակով: Այսինքն՝ այն հարցաքննությունները, որոնք մենք թղթով, գրիչով կամ համակարգչով էինք անում, այսուհետ, որպես կանոն, լինելու են տեսանկարահանման եղանակով: Դա քայլ առաջ է երկու տարբեր իմաստներով՝ ե՛ւ ժամանակի խնայողության իմաստով, ե՛ւ քննիչի ու դատավարության մասնակիցների: Օրինակ՝ վկան էլ ստիպված չի լինի քննիչի մոտ 4 ժամ հարցաքննվել, նա 1-2 ժամում տեսանկարահանման եղանակով կհարցաքննվի: Քննչական կոմիտեի քննիչների այս ծանրաբեռնվածության պատճառներից մեկն էլ այն է, որ մենք դեռ շարունակում ենք թուղթ ու գրիչով աշխատել, բայց հուլիսի 1-ից արդեն կունենանք այդ բարեփոխումը»,- մանրամասնել է Արսեն Այվազյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 1-ից էլ ներդրվելու է էլեկտրոնային նախաքննության համակարգը: «Դրա շրջանակում նախկինից հայտնի եւ այսօր էլ դեռ գործող թղթապանակները, հատորներով քրեական գործերն արդեն չեն լինելու, եւ մենք աստիճանաբար անցում ենք կատարում դեպի էլեկտրոնային եղանակով նախաքննության իրականացմանը: Օրերս թվայնացման խորհրդի հետ քննարկում էինք նաեւ հնարավորությունը, որ դատարաններն էլ միանան, դատական քննությունն էլ էլեկտրոնային լինի»,- նշել է Արսեն Այվազյանը: Նրա խոսքով տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ տվյալ դեպքում տեսանկարահանմամբ, կապահովվի մարդու իրավունքների պաշտպանությունը, որովհետեւ շատ դեպքերում վիճարկվում է ցուցմունքի բովանդակությունը. տեսանկարահանման միջոցով այդ դեպքերը կկանխվեն, ընդհուպ նաեւ կկանխվեն մարդու իրավունքների ոտնահարման, խոշտանգման հնարավոր առերեւույթ դեպքերը:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքվել է քանակական տվյալներով, թե փոփոխության արդյունքում տարեկան որքա՞ն է կազմելու այդ գումարը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ հունիսի 1-ից աշխատավարձերը բարձրացնելու եւ հավելումները տրամադրելու դեպքում պահանջվելու է 2,6 մլրդ դրամ: Հարցը քննարկվել է Կառավարությունում եւ արժանացել հավանության:

Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանն ընդգծել է, որ եթե Հակակոռուպցիոն կոմիտեի համանման գործառույթ իրականացնող մարմինների, ինչպես նաեւ դատախազների դեպքերում սահմանվել է հավելում դրույքաչափի 92 տոկոսի չափով, ուստի եւ արդարացի է, որ Քննչական կոմիտեի քննիչների դեպքում էլ սահմանվի հավելումը: Նա առաջարկել է նախագծին տալ դրական եզրակացություն:

Ելույթում Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ պետությունը պետք է խրախուսի արդյունավետ, շատ աշխատողին: 2018 թվականին մեկնարկած արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներում իր ուրույն տեղն է զբաղեցնում համակարգի տարբեր սեկտորների աշխատակիցերի աշխատավարձերի բարձրացումը: Արյուսակ Ջուլհակյանը այս համատեքստում կարեւորել է նաեւ ատեստավորման համակարգի ներդրումը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Spread the love