Այսօր վարչապետն ընդունել է ՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների, այդ մասին տեղեկացրեց փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, որ ապրիլին Ազատ գյուղում ծնողների մասնակցությամբ տեղի են ունեցել կարևոր քննչական գործողություններ։
Նրա խոսքով, ծնողները ժամանակ առաջ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ինքը չի մասնակցել. «Այդպիսի պայման էր դրվել ծնողների առջև, որ ես չպետք է մասնակցեմ այդ հանդիպմանը։ Ապրիլի 30-ին մեր կողմից ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշականելու մասին՝ փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը՝
ոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի հնարավոր արտահոսքից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող էր մահացու լինել,
եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ապա ողջ մնացած զինծառայողները կարո՞ղ էին այդ պյմաններում չթունավորվել շմոլ գազով,
հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեին գիտակցությունը,
զինծառայողները միաժամանա՞կ են ստացել այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են եղել ժամանակային առումով։ Եթե այո, խնդրել ենք հստակ արձանագրել, թե զինծառայողները սկզբում թունավորվել են շմոլ գազով, թե՞ ստացել այրվածքային շոկ, նոր դրանից հետո թունավորվել շմոլ գազով:
Վարույթ իրականացնող մարմինը միջնորդությունը բավարարել է ամբողջությամբ և մայիսի 25-ին նշանակվել է դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն, որի արդյունքները մինչ այս պահը չկան»,-ասաց Նորիկյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարվա մայիսին ծնողները հանդիպել են ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրինության հետ, որտեղ այս պահին իրականացվում է համալիր նշանակված հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական փորձաքննությունը:
Նորայր Նորիկյանը նաև ավելացրեց, որ օրեր առաջ տեղի է ունեցել վարչապետի և զինվորների ծնողների երկրորդ փակ հանդիպումը, որին ինքը էլի չի մասնակցել. «Մեր ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հուլիսին, հնարավոր է, որ ստացվեն փորձաքննությունների եզրակացությունները, որից հետո մեծ է հավանականությունը, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից կհայտարարվի նախաքննության ավարտ և գործը կուղարկվի դատարան։
Տուժողները տվել են ցուցմունքներ, որոնցում, մեր խորին համոզմամբ, առկա են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների մասին պնդումներ, սակայն թե դրանց հիման վրա ինչպիսի՞ քննություն է տարվել և դրանց արդյունքում ի՞նչ է պարզվել՝ դեռևս մեզ հայտնի չէ»:
Նրա խոսքով, տուժողների մոտ ձևավորվում է տպավորություն, որ վարույթ իրականացնող մարմինը այդպես էլ խորամուղ չեղավ այլ վարկածների մասով խորքային քննության և այդ իսկ պատճառով ծնողների մոտ կասկածները չեն փարատվել. «Իսկ այդ վարկածների շարքում կարող էր լինել ինչպես դիվերսիան, այնպես էլ դիտավորությամբ այս հանցագործությունը կատարելը, որը կարող էր կապված լինել դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի համագործակցության և թմրամիջոցի ապօրինի շրջանառության հետ։
Վարույթ իրականացնող մարմինը հակված է պաշտոնական վարկածը բյուրեղացնել և այդ եզրակացությամբ այն ուղարկել դատարան, նույնիսկ այն դեպքում, երբ դրա շրջանակներում անգամ պարտավոր է քրեական հետապնդում հարուցել մի շարք պաշտոնյանների նկատմամբ»,-ասաց փաստաբանը:
Ավելի վաղ մամուլում շրջանառվել էր, որ այս տարվա հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:
Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։
Հանրությունը վրդովված է նաև նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:
Շատերը պահանջում էին նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։