Պուտինը բացահայտ հայտարարեց, որ Փաշինյանը ստում է․ ՀՀԿ-ում հիշեցրել են, թե ով է հրաժարվել փոխզիջումային տարբերակից

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներն առաջարկում էին միջանկյալ կարգավիճակ տալ Արցախին, Քարվաճառը, Լաչինն ու Արցախը թողնել Հայաստանի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանին հանձնել 5 շրջան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Այսօր Պուտինը բացահայտ հայտարարեց, որ Փաշինյանը ստում է՝ խոսելով այն մասին, որ Արցախը Ադրբեջանին է հանձնվել դեռեւս Ալմա Աթայի հռչակագրով։ Եթե բոլոր նախկին ղեկավարները վաղուց են հանձնել Արցախը, ապա ինչպե՞ս բացատրել Պուտինի հայտարարությունը, որ Քարվաճառը, Լաչինն ու Արցախը մնացել են Հայաստանի իրավազորության տակ։

2016 թվականի ապրիլին Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ Կազանի փաստաթղթից հրաժարվել է Բաքուն։ Սա հակասում է այն պնդմանը, թե Հայաստանը հրաժարվել է փոխզիջումային տարբերակից։

Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է մեր կարմիր գծերի մասին։ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո նա Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու կարեւորության մասին։

Մինչեւ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալը Հայաստանում ապակառուցողական դեր միշտ ունեցել է Ադրբեջանը։ Որեւէ մեկը չի կարող ասել, որ Հայաստանի որեւէ ղեկավար Նիկոլ Փաշիշյանից առաջ փակուղի է մտցրել բանակցությունները։

2009-2013 թվականներին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարները թղթի վրա արձանագրել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը: Իսկ ահա ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Իգոր Պոպովն ուղղակիորեն մեղադրել է հենց Նիկոլ Փաշինյանին բանակցությունները փակուղի մտցնելու մեջ։

Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Դավութօղլուն 2009-ին ցանկանում էր Ցյուրիխյան արձանագրությունների տեքստում ներառել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեկ առաջարկ, սակայն Հայաստանի ԱԳ նախարարը դա թույլ չտվեց եւ ստացավ  Ռուսաստանի  եւ ԱՄՆ-ի աջակցությունը: Իսկ հիմա հասել են նրան, որ Էրդողանը Փաշինյանին ասում է՝ «Լուռ կատարիր Ալիեւի պայմանը, որից հետո կբացեմ սահմանը»»,-եզրափակեց Շարմազանովը։

Spread the love