Կարմիր գծերի մասին Թեհրանի հայտարարությունները դժվար, թե նշանակություն ունենան. ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ

Քաղաքական գիտությունների թեկնածու՝ Գարիկ Քեռյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել   Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին՝  «Թուրքիան և Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, որ գործում են համատեղ, փոխհամաձայնեցված, չեն շտապում, առաջ են գնում հաստատուն քայլերով և ինչպես տեսնում ենք հաջողությունը հակամարտության ընթացքում լրիվ իրենց կողմն է: Այս իրողությունը սկսվել է 2016 թ. քառօրյա պատերազմից և հիմա էլ շարունակվում է: Հիմա անիմաստ է թվարկել այդ հաջողությանը նպաստող գործոնները ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում: Այս ամենի համատեքստում շատ հրատապ է դիտարկել Զանգեզուրի միջանցքի շուրջ ընթացող գործընթացները: Ալիևն ու Էրդողանը առանց այլևայլության ուղղակի պարզ արդեն հնչեցրել են պահանջ-սպառնալիքը: Դրան էր նվիրված նաև Նախիջևանի հանդիպումը: Այն, որ կլինի նոր մինի պատերազմ որի ընթացքում ոչ թե միջանցք կբացվի այլ կգրավվի Սյունիքի ինչ որ հատված, շատերն են բարձրաձայնում: Դա Հայաստանի համար կարող է նոր անդառնալի կորուստների հետևանք ունենալ: Ինչպես իրադարձությունները ցույց տվեցին ոչ մի պայմանագիր, հռչակագիր, միջազգային իրավունք և այլ նման բաներ չեն կարող կասեցնել Բաքվի և Անկարայի ծրագրերի իրականացումը: Նրանք թևավորված և ոգևորված են բարենպաստ միջազգային իրադրությունով: Արևմուտքը ինչպես միշտ նորից կկրակի օդում, թարմ ապացույցը Արցախի անկումն էր: Ռուսաստանը փաստացի չի կատարում իր պարտավորությունները և կգա վերջում իր ռազմական հսկողությունն ապահովելու համար և նորից կմնա դիտորդի կարգավիճակով:Կարմիր գծերի մասին Թեհրանի հայտարարությունները դժվար, թե նշանակություն ունենան, դրանում էլ համոզվեցինք: Այս ինչ որ ասվեց, պարզ ճշմարտություններ են, չհասկանալը կլինի դիտավորություն: ՀՀ իշխանություններ, այլևս ,,միջանցքային տրամաբանություն ,, եզրույթով հերոսանալու ժամանակը չէ: Հանուն մեր երիտասարդ կյանքերի փրկության հրատապ գնացեք բանակցությունների, հազար ու մի ձևեր կան կոմունիկացիոն խնդիրների լուծման համար, կա նաև միջազգային փորձ, գուցե և մի ելք գտնվի պատերազմից խուսափելու համար» -ասված է հրապարակման մեջ:
Spread the love