ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով լիզինգ ֆինանսական գործիքի արագ տեմպերով զարգացումը, ստորագրել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային անդամակցելու մասին պայմանագիր:
Մեր համագործակցությունը կարևոր է ոլորտում իրազեկման բարձրացման և լիզինգի զարգացման համատեքստում: Բանկը մեծ ջանքեր է գործադրում ժամանակակից գործիքների, նորարար պրոդուկտների ներդրման և հանրության մեջ դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Կարևոր է նաև դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին անմիջական մասնակցություն ունենալու հնարավորությունը, – նշել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը:
Անդամակցության նպատակն է ստեղծել առավել բարենպաստ գործունեության միջավայր լիզինգային գործարքի տարբեր փուլերում ներգրավված բոլոր կողմերի համար, միասնական ձևակերպել խնդիրները և դրանց լուծման եղանակները, ստանալ ոլորտային միասնական լուծումներ՝ ճյուղային բարեփոխումների և ոլորտի կատարելագործման արդյունքի ակնկալիքով:
ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը վստահություն է հայտնել, որ լիզինգի շուկայի նոր մասնակիցը, հանդիսանալով իրական տնտեսություն սպասարկող բանկ և ունենալով լիզինգի պոտենցիալ հաճախորդների մեծ բազա, մեծ հնարավորություն ունի եղած գործիքակազմին զուգահեռ ներդնել նաև լիզինգը՝ որպես բանկային շուկայում մրցակցային գործիք:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի համագործակցությունն, անկասկած, նպաստելու է լիզինգային ոլորտի խնդիրների բացահայտմանը, ինչպես նաև համատեղ ուժերով նոր օրենսդրական նախաձեռնությունների և փոփոխությունների իրականացմանը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից