Եթե չկա Լաչին, չկա Արցախ, Նոյեմբերի 9-ի փաստաթղթի նշույլը չկա, ինչի՞ միջանցքի հարց կա, ինչի՞ դիմաց. Վարդան Օսկանյան

Այսօր օրակարգում կա անկլավների խնդիր, միջանցքի խնդիր,  կա Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիր, տարածաշրջանային խնդիրներ՝  «3+3», կա գլոբալ խնդիր՝ հարց է դրվել Հայաստանի թեքումը մի ուղղությունից մյուս ուղղության: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Հայաստանի մարտահրավերներին եւ իշխանության վարած քաղաքականությանը:

«Արցախյան հարցը շատ ավելի պարզ էր, կար հարցի կարգավորման նախագիծ, կար Մադրիդյան փաստաթուղթ, կար հստակ ճանապարհային քարտեզ հարցի կարգավորման, կար միջազգային հանրության միանշանակ աջակցությունը, կար Մինսկի խումբ, այդ բոլորը փոշիացրեցին ուղղակի, եւ արդյունքում, մենք կորցրեցինք Արցախը եւ դատարկեցինք Արցախը: Հիմա քաղաքական, դիվանագիտական այս անմեղսունակները զբաղվում են արդեն շատ ավելի մեծ խնդիրներով, Հայաստանին վերաբերող խնդիրներով: Հայստանի խնդիրն է դրված, տարածաշրջանային խնդիրներն են, գլոբալ խնդիրներն  են, այս երեք հարթություններում էլ այս նույն մարդիկ են զբաղվում: Եթե Ղարաբաղյան պարզ հարցում նրանք խճճվեցին եւ նման արդյունք ունեցան, որեւէ մեկը հույս ունի՞,  որ այս իշխանությունները շատ ավելի բարդ եւ մեզ համար ավելի էքզիստենցիալ հարցերում կկարողանան ճիշտ կողմնորոշվել: Այսօր օրակարգում կա անկլավների խնդիր, միջանցքի խնդիր,  կա Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիր, տարածաշրջանային խնդիրներ  «3+3», կա գլոբալ խնդիր, հարց է դրվել Հայաստանի թեքումը մի ուղղությունից մյուս ուղղության: Արդյոք այս իշխանությունները կկարողանան այս հարցերում ճիշտ կողմնորոշվել»,-ասել է նա:

Անդրադառնալով միջանցքի խնդրին՝ Օսկանյանը հարց է տալիս, թե արդյոք այսօրվա իշխանություններից որեւէ մեկը կկարողանա հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու է այդ հարցը օրակարգում:

«Կարո՞ղ է որեւէ մեկը ինձ բացատրի, ինչի է այդ հարցը քննարկվում, ով բերանը բացում է, Թուրքիան, Միացյալ Նահանգները,  Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, բոլորը այդ միջանցքից են խոսում: Ինչո՞ւ է այդ հարցը օրակարգի վրա, որեւէ մեկը կկարողանա ինձ բացատրել, եթե չկա Լաչին, չկա Արցախ, Արցախում չկա հայ, Նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետքը, նշույլը գոյություն չունի, ինչի՞ միջանցքի հարց կա, ինչի՞ դիմաց: Սա նույն է, որ մենք գնանք Վրաստանից ինչ-որ միջանցք պահանջել Բաթում գնալու համար, ուղղակի միջանցք: Էդ մարդիկ մեզ չեն ասի, ընկեր, ինչի՞, ո՞վ եք դուք, ինչի եք ուզում միջանցք, հավատացե΄ք, այսօր նույն խնդիրն է: Երբ կար Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, երբ կար Արցախ, երբ կար այնտեղ 120 հազար  հայություն, ես հասկանում էի այդ հարցի բարձրացնելը Ադրբեջանի կողմից: Ադրբեջանը ասում էր, եթե ես դա եմ տալիս քեզ, ուզում եմ, որ դու էլ հայելային  ինձ տաս, բայց երբ այսօր չկա, ո΄չ Լաչին, ո΄չ Արցախ, ոչ հայություն, ով կարող է ինձ հոդաբաշխ բացատրել՝ ինչու կա միջանցքի հարց: Սա այս իշխանությունների անմեղսունակության արդյունքն է»,-ասաց նա:

Օսկանյանը պնդում է, որ որոշ ժամանակ հետո խոսելու են Փաշինյանի հետագա սխալների մասին,որոնց հետեւանքով ավելի մեծ կորուստներ են լինելու. «Ո՞րն է ելքը. մի ելք եմ ես տեսնում, կամ ասյ իշխանությունների մոտեցումները,, գաղափարնեևը հիմնովին փոխվում են, որ հույս չունեմ, կամ այս իշխանություններն են հիմնովին փոխվում: Այլ ելք ես ուղղակի չեմ տեսնում»:

Spread the love