Ալիեւը մեղադրել է Ֆրանսիային Հարավային Կովկասում «կայունությունը խախտելու» մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրել է Ֆրանսիային Հարավային Կովկասում «կայունությունը խախտելու» մեջ։

Ավելին, հատուկ Ֆրանսիայի եւ Արեւմուտքի երկրների հասցեին մեղադրանքները հնչեցնելու նպատակով Բաքվում տեղի է ունենում «Ապագաղութացում. կանանց ուժեղացումը եւ զարգացումը» միջազգային կոնֆերանս, որի մասնակիցներին էլ դիմել է Ալիեւը։

«Ֆրանսիան խախտում է  կայունությունը ոչ միայն իր նախկին եւ ներկա գաղութներում, այլեւ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, որտեղ աջակցում է անջատողական միտումներին եւ անջատողականներին։ Նա իրականացնում է ռազմատենչ քաղաքականություն՝ զինելով Հայաստանին, խրախուսում է Հայաստանի ռեւանշիստական ուժերին, հող պատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմների հրահրման համար։ Ֆրանսիան միեւնույն ժամանակ չարաշահում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը իր կողմնակալ, ոչ օբյեկտիվ քաղաքականության իրականացման համար, զբաղվում է աշխարհաքաղաքական ինտրիգներով տարբեր տարածաշրջաններում, փորձում օգտագործել արեւմտյան կազմակերպությունները որպես պետությունների դեմ ճնշման միջոց»,- նշվել է Ալիեւի ուղերձում։

Ընդլայնելով թեման՝ Ալիեւը Ֆրանսիային մեղադրել է  ամբողջ աշխարհում հանցագործություններ կատարելու մեջ. «Մի քանի միլիոն անմեղ մարդիկ, այդ թվում կանայք եւ երեխաներ են սպանվել Ֆրանսիայի կողմից Ալժիրում, Մարոկկոյում, Թունիսում, Մալիում, Ջիբութիում, Նիգերիայում, Չադում, Սենեգալում, Բենինում, Կոտ դ՛Իվուարում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Գաբոնում, Տոգոյում, Կամերունում, Վիետնամում, Կոմորյան կղզիների միությունում, Հայիթիում եւ այլ երկրներում։ Ֆրանսիան նաեւ մեծ պատասխանատվություն է կրում  ավելի քան 800 հազար թուտսիների սպանության համար Ռուանդայում 1994թ.։ Չնայած 1975թ. Կոմորյան կղզիների անկախության հռչակմանը, ներառյալ Մայոտան, եւ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կողմից Մայոտա կղզու հանդեպ Կոմորյան պետության ինքնիշխանության հաստատմանը՝ Ֆրանսիան այսօր էլ շարունակում է կառավարել Մայոտա կղզին որպես իր դեպարտամենտ»։

Spread the love