Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ մի շարք «ակնառու» հայտարարություններ է արել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա։ «Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու համար պատասխանատվություն են կրումՀայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատողական ռեժիմը»,- ասել է ադրբեջանցի նախարարը։ Թե ինչպես է հայկական կողմը պատասխանատվություն կրում, չի նշվում։
Նախարարը նաև նշել է, որ «հակառակ կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների մասին Հայաստանի կողմից իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից դուրս բերելու ձախողման ֆոնին՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին»։
Բայրամովը, վկայակոչելով «միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին», վստահեցրել է, որ «այս գործընթացում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություն չի կիրառվել»։ Հավանաբար, ըստ Բայրամովի տրամաբանության, խաղաղ բնակչության, այդ թվում՝ կանանց և երեխաների սպանությունների և անհետացումների համար ևս «հայկական կողմն է պատասխանատու»։
Հիշեցնենք, որ վեց ռուս խաղաղապահներ դարձել էին ադրբեջանական ագրեսիայի զոհ, իսկ Բաքուն նրանց սպանության օրն ընդունել էր մեղքը և փորձել հատուցել։ Նրանք նախընտրում են չհիշել Բաքվի «հակաահաբեկչական միջոցառումների» այս սարսափելի էջը, քանի դեռ չեն հաջողել մեղքը բարդել հայկական կողմի վրա: