Քաղաքացու ինքնությունը մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում առաջարկվում է ժառանգության բացման օրը համարել մահվան մասին պետական գրանցման օրը

Հունվարի 11-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումը: Նախաձեռնությունը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանը, Լենա Նազարյանը եւ Նարեկ Բաբայանը:
Հիմնական զեկուցող Լենա Նազարյանը նշել է, որ օրենսդրության համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել քաղաքացու մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում: Սակայն, ըստ Լենա Նազարյանի, այն դեպքում, երբ անձը մահացել է կոնկրետ հայտնի ժամանակահատվածում եւ վեց ամսվա ընթացքում մահացած անձի ինքնությունը չի պարզվել, ժառանգություն ընդունելու գործընթացը դժվարանում է, քանի որ ժառանգություն ստացողը բաց է թողնում վեց ամսում ժառանգություն ստանալու համար նոտարին դիմելու հնարավորությունը: «Սա մի խնդիր է, որին բախվել են 2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմում զոհված եւ տեւական ժամանակ ինքնությունը չպարզված անձանց հարազատները»,- հավելել է պատգամավորը:
Համահեղինակը ներկայացրել է նախագծի լրամշակված տարբերակը, ըստ որի` քաղաքացու ինքնությունը մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում ժառանգության բացման օրը կհամարվի ոչ թե մահվան օրը, այլ մահվան մասին պետական գրանցման օրը: Կարգավորումը չի տարածվելու այն դեպքերի վրա, երբ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն իսկ կա ժառանգություն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին նոտարին ներկայացված դիմում:
Հարակից զեկուցողները՝ պատգամավոր Արթուր Դավթյանը եւ Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ողջունել են նախաձեռնությունը, հորդորել կողմ քվեարկել:
Նիստում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի առաջարկով երկրորդ հոդվածի երկրորդ կետից հանվել է «ընդունման» բառը: Արդյունքում` օրենքի գործողությունը կտարածվի նաեւ այն ժառանգատուների ժառանգության հարաբերությունների նկատմամբ, որոնք մահացել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո:
Նախագծի լրամշակված տարբերակը ստացել է դրական եզրակացություն: 
Spread the love