Tally Health ընկերության գիտնականները Էդինբուրգի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գործընկերների հետ ստեղծել են CheekAge գործիքը, որը թույլ է տալիս գնահատել կենսաբանական ծերացումն ըստ այտերի էպիթելների բջիջների։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Aging ամսագրում։
Գիտնականների խոսքով՝ մարդիկ ծերանում են տարբեր արագությամբ։ Որոշ մարդկանց մոտ կա գենետիկ նախատրամադրվածություն ավելի դանդաղ ծերանալու, այն դեպքում, երբ տարիքային փոփոխություններն այլ մարդկանց օրգանիզմում ավելի շուտ են դրսեւորվում։
Կենսակերպի որոշ գործոններ, ինչպիսին են սթրեսը, վատ քունը, ոչ ճիշտ սնվելը, ծխելը եւ ալկոհոլը, արագացնում են ծերացումը։ Նրանք հետք են թողնում գենոմում էպիգենետիկ նշանների տեսքով։ Ուստի ծերացման արագությունը մոլեկուլյար մակարդակում կարելի է գնահատել՝ ուսումնասիրելով գենոմի որոշակի հատվածների էպիգենոմը։
Վերջին տասը տարում գիտնականներն ստեղծել են մի քանի «էպիգենետիկ ժամացույցներ» ըստ տարիքի եւ կենսակերպի։ Դրանց մեծ մասը հիմնված է ԴՆԹ մեթիլավորման ուսումնասիրության վրա արյան բջիջներում, դա դժվարացնում է նմուշներ վերցնելը եւ սթրես է առաջացնում։ Ամերիկացի գիտնականների նոր մշակումը՝ CheekAge գործիքը, հետազոտում է էպիգենետիկ նշանները՝ ստացված այտի ներքին կողմի էպիթելային բջիջներից։
CheekAge-ն արդեն թեստավորել են Էդինբուրգի համալսարանի Lothian Birth Cohorts (LBC) ծրագրի 1 513 մասնակիցների վրա։
LBC ծրագիրը ուղղված է կոգնիտիվ ծերացման եւ դրա վրա տարբեր գործոնների ազդեցության ուսումնասիրման վրա։
Ամեն երեք տարին մեկ կամավորների մոտ չափվել է 450 հազար մասնակիցների ԴՆԹ մեթիլավորման մակարդակը։ ԴՆԹ մեթիլավորում են անվանում նորմալ բջիջների համար կենսականորեն կարեւոր տրանսֆորմացիաները։ Բայց եթե ԴՆԹ մոլեկուլի մոդիֆիկացիան տեղի է ունենում ոչ ճիշտ, մարդու մոտ բարձրանում է հիվանդությունների առաջացման ռիսկը։
Այս տվյալներն օգտագործվել են CheekAge-ի կանխորոշիչ ունակության զարգացման համար։ Մահացության մասին տվյալները ստացվել են Շոտլանդիայի առողջապահության ազգային ծառայության կենտրոնական ռեգիստրից։
Արդյունքները ցույց են տվել, որ CheekAge-ը կարող է որոշել կյանքից ենթադրյալ հեռանալու ժամանակն ավելի ստույգ, քան առաջին սերնդի էպիգենետիկ ժամացույցը։ Մահացու ելքի ռիսկը բոլոր պատճառներից ավելացել է 21 տոկոսով, երբ CheekAge ցուցանիշը ավելացել է մեկ ստանդարտ շեղմամբ։
Ապագա հետազոտություններում գիտնականները նախատեսում են, թե էլի ինչ ցուցանիշներ, բացի բոլոր պատճառներից մահացությունից, կարելի է գնահատել CheekAge-ի օգնությամբ։ Դա կարող է լինել տարիքային հիվանդությունների առաջացման հավանականությունը կամ այսպես կոչված «առողջ տարիների» թիվը։